«ԽՆԴՐԵԼ ԵՆՔ ՎԵՐԱՆԱՅԵԼ ՈՐՈՇՈՒՄԸ՝ ԸՆԴԳԾԵԼՈՎ ԾՐԱԳՐԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ»
«ԱՐԻ» գրական գործակալության հիմնադիր տնօրեն, գրական գործակալ ԱՐԵՎԻԿ ԱՇԽԱՐՈՅԱՆԻ հետ մինչ այս առիթ ունեցել էինք զրուցելու ծրագրի կարևորության, հայ հեղինակներին դրսում ներկայացնելու հնարավոր քայլերի, դժվարությունների ու ձեռքբերումների մասին։ Այսօր զրույցի առանցքում հայ գրականության թարգմանությանն աջակցող ծրագրի վտանգումն է ու դրա հետևանքները։
-Ի՞նչ փուլում է նախարարության որոշումը և ի՞նչ ընթացք է ենթադրում։
-Իմ ունեցած վերջին տվյալներով՝ կառավարության քննարկմանն էր ներկայացվել ծրագրի կրճատումը՝ գումարը պահուստային ֆոնդ ուղղելու նպատակով։ Դրանից հետո մենք նամակ գրեցինք ԿԳՄՍ նախարարությանը և խնդրեցինք վերանայել որոշումը՝ ընդգծելով ծրագրի կարևորությունը։ Պատասխան նամակ ստացանք, որ այս տարի, ցավոք, կրճատվելու է ծրագիրը, մյուս տարի հավանաբար կվերաբացվի։ Մենք «Ֆեյսբուք» սոցցանցում ստորագրահավաք սկսեցինք՝ հաջակցություն ծրագրի և նամակ հղեցինք վարչապետին։ Խնդրել ենք վերանայել որոշումը, նորից ընդգծելով, թե որքան կարևոր է ծրագիրը հատկապես այս իրավիճակում։ Գրական-մշակութային ծրագրերի մեծ մասը կասեցվել է, որովհետև համավարակ է, և դրանք ֆիզիկական մասնակցություն են պահանջում։ Հարցն այն է, որ այս ծրագիրը, հատկապես համավարակի շրջանում, միակ հնարավորությունն է մեր մշակույթը դրսում ներկայացնելու։
-Ովքե՞ր են միացել ստորագրահավաքին, ի՞նչ թիվ են կազմում ձեր աջակիցները։
-100-ից ավելի են, որոնց մեծ մասը գրողներ են, հրատարակիչներ, թարգմանիչներ, մշակութային գործիչներ, նաև ընթերցողներ։
-Ծրագրի շրջանակում դրսի հրատարակիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունները չեղարկվելու՞ են։
-Իհարկե, հրատարակիչների 99 տոկոսը չի տպագրի մեր գրողներին, որովհետև այդ գործընթացում շատ կարևոր է թարգմանության աջակցման հարցը։ ՈՒ դա միայն Հայաստանին չի վերաբերում, ամբողջ աշխարհում է այդպես, հատկապես փոքրաթիվ ազգերի գրականության առաջխաղացման պարագայում։ Կոնկրետ իմ գործարքները, ձեռք բերված համաձայնությունները տեղի չեն ունենա, որովհետև, կրկնում եմ, թարգմանության ծախսը շատ է, իսկ հրատարակիչներն առանց այն էլ դժվարությամբ են համաձայնում անծանոթ գրականություն հրատարակել։ Մեր բոլոր գործարքները կանգնելու են, եթե չկարողանանք, ենթադրենք, այլ աղբյուրներից ֆինանսավորում առաջարկել։ Ես երկու գործարք Ֆրանսիայում եմ արել ու դրանց իրականացման համար այլ թարգմանության ծախսերի ֆինանսավորում եմ գտել։ Վերջերս Անգլիայում նախարարության ծրագրի շրջանակում լույս տեսան Սուսաննա Հարությունյանի, Կարինե Խոդիկյանի, Արամ Պաչյանի գրքերը։
-Որքա՞ն գումար է նախարարությունը տրամադրում թարգմանության համար։
-Մեկ գրքի թարգմանության համար առավելագույնը 2-3 հազար դոլար։ Նախ՝ խոսքը մեծ գումարների մասին չէ, երկրորդն էլ, այս պայմաններում, երբ այդքան ծրագրեր են կրճատվում, կարելի էր նույնիսկ կրկնապատկել այդ գումարը։ Ես 10 տարի է այս ոլորոտում եմ ու երկար տարիներ պայքարել եմ այս ծրագրի համար։ Առաջին անգամ նման ծրագիր իրականացվեց 2015-ին՝ ֆինանսավորվեց Ցեղասպանության թեմայով գրքերի հրատարակումը։ Երկու տարի հետո նոր միայն մեկնարկեց «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը։ Սկզբում շատ քիչ էին դիմորդները, տարեցտարի շատանում են։
-Ի՞նչ տրամադրություններ են տիրում համաշխարհային գրահրատարակչական շուկայում։
-Եվրոպական երկրները լուրջ օգնություն են հատկացնում այդ ոլորտին՝ ոչ միայն հրատարակչություններին, այլև անհատ հեղինակներին։ Շատ երկրներ իրենց գրական փառատոներն առցանց են անում։ Եվ էլի մի շարք օրինակներ կարող եմ բերել, երբ պետությունը փորձում է այս կամ այն կերպ աջակցել, որ չտուժի գրահրատարակչական ոլորտը։
-Մեր գրողների մի մասը բացասաբար է վերաբերվում «Հայ գրականությունը թարգմանություններում» ծրագրին՝ համարելով այն ֆինանսների զուր վատնում։ Ինչո՞վ եք բացատրում այդ մոտեցումը։
-Կասեմ ավելին. գիտենք, որ փոխնախարարն իր ելույթում ասել է՝ ասենք, գրքերը հրատարակվեցին, հետո՞ ինչ։ Առաջին հերթին դա է տարօրինակ։ Հիմա գրողներին անդրադառնամ. ոչ բոլոր գրողներն ունեն գրական գործակալներ, հրատարակիչներ, հետևաբար նրանք իրենց զգում են հետին պլանում։ Դա էլ է խնդիր, որ այդ գրողներին ներկայացնող չկա։ Պատճառն ինչ է՝ իրե՞նք չեն կարող ներկայանալ, թե՞ իրենցով զբաղվող չկա, ես չեմ կարող պատասխանել այդ հարցին։ Եվ երկրորդ՝ չկա վստահություն ընտրական կոմիտեների հանդեպ, որ ձևավորվում են գրքերի ընտրության ժամանակ։ Այսինքն, դրամաշնորհի դիմումը գալիս է, բայց ընտրական կոմիտեն կարող է մերժել։ Ժամանակ է պետք, որ վստահությունը այդ կոմիտեների հանդեպ ամրապնդվի։
-Վերադառնանք վարչապետին ուղղված նամակին. ի՞նչ պատասխան եք անկնկալում։
-Մենք հետևողական կլինենք, թեև շատ հույս չունենք։ Լավ կլիներ, որ քննարկում կազմակերպեին, գուցե կարողանայինք ներկայացնել ծրագրի կարևորությունը։ ՈՒղղակի այս ոլորտում տարբեր խմբեր տարբեր կարծիքներ են հայտնում, ու այդ խմբերի մի մասն ընդհանրապես տեղյակ չէ, թե այս գործընթացն ինչպես է տեղի ունենում։ Նրանք անարդարության պահ են միշտ տեսնում, բայց սա շուկա է։
«ՎԵՐՋԻՆ ՀԱՇՎՈՎ ՄՇԱԿՈՒՅԹԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՀՈԳԻՆ Է, ԽԻՂՃԸ, ԱՊՐՈՒՄՆԵՐԸ, ԻՂՁԵՐՆ ՈՒ ՁԳՏՈԻՄՆԵՐԸ»
Արձակագիր ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ «Ագռավները Նոյից առաջ» վեպը հրատարակվել է «Հայ գրականությունը թարգմանություններում» ծրագրի շրջանակում։
-Անսպասելի՞ էր ծրագրի դադարեցման լուրը։ «Եթե մշակույթ չկա, ինչի՞ համար ենք պատերազմում» չերչիլյան բանաձևը մեր դեպքում, կարծես, չի գործում։
-Անասելի նվաստացնող ու հոգնեցնող է տարիներ շարունակ աշակերտից մինչև նախարար բոլորին անընդհատ բացատրել գրականության կարևորությունը ու այդպես էլ արդյունքի չհասնել։ Եկող ու գնացող իշխանությունների երազանքը միշտ լինում է բարեկեցիկ, արժանավայել երկիր կառուցելը, բայց, չգիտես ինչու, նրանք առ օրս իրենց երազանքի երկիրը պատկերացնում են առանց մտքի ու մտավորականության։ Հետաքրքիր է՝ ո՞ր երկրի փորձը կամ մարդկության զարգացման ո՞ր փուլն է նրանց հուշում, որ առաջընթացը բեռնակիրներն ու հանցագործներն են ապահովում։ Ինձ համար անհասկանալի է՝ ի՞նչ ինքնարհամարհանք ու ատելություն պիտի ունենա մարդը սեփական ծագման հանդեպ, որ մշակույթի հետ այսպես վարվի, այսպիսի որոշումներ ընդունի։ Վերջին հաշվով, մշակույթը ժողովրդի հոգին է, խիղճը, ապրումները, իղձերն ու ձգտումները, այլ խոսքով՝ նկարագիրը։
-Որպես թարգմանվող հեղինակ՝ ի՞նչ կասեք ծրագրի արդյունավետության, չեղարկվելու դեպքում՝ վնասների մասին։
-Չեմ էլ ուզում խոսել այս ծրագրի օգուտների կամ վնասների մասին, որովհետև քիչ թե շատ գրագետ մարդը դրա իմաստը հասկանում է։ Բայց կարծում եմ, որ եթե բանը հասել է այս չնչին բյուջեով ծրագրին, ուրեմն չեղարկվելու է նաև գրողներին գրելու կամ հրատարակվելու համար տրվող աջակցությունը։ Եվ այստեղ արդեն կարելի է խոսել նախարարության վարած հակամշակութային քաղաքականության մասին։ Իսկ մենք դժգոհում էինք, թե մշակութային քաղաքականություն չկա։ Այնինչ՝ մարդիկ հստակ գիտեն իրենց անելիքը... Պետության փողերն էլ կծախսեն այլ երկրների գրականությունը թարգմանելով, օտար գրողներին գրկած բերել-տանելով... Հետաքրքիր է՝ ո՞վ է այն պաշտոնյան, որը գրողի ու գրականության հաշվին կորոնավիրուսի դեմ է պայքարում։
Վարակի այսպես անխնա տարածման պատճառներից մեկն էլ մարդկանց մասսայական անգիտությունն է. նախորդ տարիներին այնքան են անուշադրության մատնվել կրթությունն ու մշակույթը, որ այսօր ժողովուրդը թաղված է խավարի մեջ և մտածում է, որ «թիզ չափելով» կարող է փրկվել վարակից։ Այս պայմաններում հենց մշակույթի՛ն է պետք զարկ տալ։ Էլ չեմ խոսում այն մասին, որ այս ընթացքում բոլոր խավերին ֆինանսական աջակցություն տրվեց, գրողները շրջանցվեցին. երևի այդպիսիք չկան երկրում, գոյություն չունեն։ ՈՒզում են հայրենասե՞ր լինել, խնդրեմ, նախարարության աշխատողների մի ամսվա աշխատավարձը փոխանցեք կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամին։ Այ դա կլինի շոշափելի գումար։ Թե չէ, այս ծրագրին հատկացվածը ի՜նչ մի գումար է, որ դրանով էլ հայրենիք են փրկում։ Մի խոսքով, քանի որ ոչ միայն այս, այլև փողի հետ առնչվող բոլոր ծրագրերի մասին ինֆորմացիան հույժ գաղտնի է, և դրան հասու են միայն նախարարության որոշ աշխատակիցներ, որոնցից ճիշտ բան իմանալը պարզապես հերոսություն է, առաջարկում եմ հրապարակել անցյալ տարի այս ծրագրին հատկացված գումարի չափը. քանի՞ հարյուր հազար կամ միլիոն դոլար է, որ դրանով վերք կարելի է բուժել։ Կրճատե՞լ այդ խղճուկ ծախսերը՝ խնդրեմ, տասի փոխարեն հինգը հրատարակեք, բայց ծրագիրը եթե փակվեց, ուրեմն էլի մի քանի տարի ջանք պիտի գործադրենք համաշխարհային ընթացքին միանալու համար։ Համաձայն եմ, ծրագրի կազմակերպման հետ կապված վիճելի հարցեր շատ կան, բայց, հարգելիներս, պետք է պայքարել ոչ թե մշակույթի ու գրականության դեմ, այլ այդ բնագավառում տեղ գտած թերությունների։ Վերջին հաշվով, երբ խոսում ենք ժամանակին համընթաց քայլելու, մեր խնդիրները աշխարհին լսելի դարձնելու, մեր ճշմարտացիությունը ապացուցելու և այլնի մասին, ձեր պատկերացմամբ ո՞նց ենք անելու։ Մի՞թե այսօր որևէ գրագետ մարդու համար գաղտնիք է, որ մշակույթը ևս զենք է և՝ ամենազորավորը։
-Չե՞ք կարծում, որ մեր երկրում գրողներն էլ ինչպես հարկն է չեն ներկայացվում-արժևորվում։
-Որպես թարգմանվող հեղինակ ցավով հավելեմ, որ մենք չունենք ճաշակ, կրթվածություն, գնահատման չափանիշներ ու նաև խիղճ՝ մեր կողքի տաղանդին տեսնելու համար, ուստի այսօրվա հայաստանաբնակ գրողին ոչինչ չի մնում, քան օտար երկրում թարգմանվելը և գնահատվելը, որպեսզի իր հայրենիքում հարգանք նվաճի։
Զրուցեց
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ